Տիտո Ռամալյո.Հիմա պետք է խաղանք այն կազմով, որն ունենք այս պահին

Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Գանձասարի» դեմ հանդիպումից հետո հետևյալ կարծիքը հայտնեց «Բանացնի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն:
— Ցավալի է, քանի որ խաղավերջում կարող էինք հաղթանակի հասնել: Երբ երկու թիմերն էլ հոգնել էին, շատ գոլային հնարավորություններ ունեցանք: Բայց դժգոհ չեմ ընդհանուր խաղից: Խաղի վերջում ավելի լավ տեսք ունեինք, քան մրցակիցը: Ցավալի է, որ երեք միավոր չվաստակեցինք: Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի:
— Նկատելի է, որ յուրաքանչյուր խաղում հիմնական կազմի մեկ ֆուտբոլիստ խաղը սկսում է պահեստայինների նստարանից: Արդյոք դա խաղը սրելու նպատակո՞վ է, թե՞ պատահականություն է: 
— Մեր խաղային մարտավարությունը շատ պարզ է: Մենք ուշադիր հետևում ենք բոլոր ֆուտբոլիստներին և որոշում ենք կայացնում, թե ովքեր են ավելի հոգնած և ովքեր են ավելի պատրաստ հանդիպմանը:
— Այսօր «Բանանցը» չուներ ընդգծված հարձակվող: Արդյո՞ք Լաերսիոյին մաքուր հարձակվողի դիրքում եք տեսնում, թե՞ խաղում էիք կեղծ 9 համարով:
— Կարծում եմ, որ Լաերսիոն վատ չի խաղում այդ դիրքում: Նա այսօր երեք գոլային հնարավորություն ուներ: Նա կարող է խաղալ ինչպես հետ քաշված, այնպես էլ կենտրոնական հարձակվող: Կարծում եմ, որ տվյալ պահին նրա դիրքը սխալ չէ:
— Հնարավո՞ր է, որ առաջիկայում «Բանանցը» երկու հարձակվողով խաղա: 
— Այո, հնարավոր է, բայց հետագայում: Հիմա պետք է խաղանք այն կազմով, որն ունենք այս պահին:
— Ձեր ժամանելուց հետո առաջընթացը նկատելի է, սակայն հաղթանակ թիմը չի տարել առաջնությունում: Դա չի՞ կարող բացասական հոգեբանական ազդեցություն ունենա:
— Ոչ, չեմ կարծում: Թիմը հավատում է նրան, ինչ անում է: Վերջին երկու խաղերից հետո այնպիսի նստավածք է մնացել, որ պետք է հաղթեինք: Երբեմն ստացվում է այնպես, որ չես ստանում այն, ինչի արժանի ես: Կարծում եմ, որ մեր ճանապարհի սկզբի համար «Բանանցն» ավելի մրցունակ է դարձել և խաղի ընթացքում տեմպով գերազանցում ենք մրցակիցներին: Պետք է մի փոքր ավելի արդյունավետ լինենք:
— Դուք նշել էինք, որ թիմում ձմռանը փոփոխություններ են լինելու: Դուք Ձեզ համար կանխանշե՞լ եք, թե այս կազմից քանի ֆուտբոլիստ է մնալու թիմում:
— Այդ գործընթացն ընթացքի մեջ է: Հիմա փորձում եմ հնարավորություն տալ ներկայիս կազմի ֆուտբոլիստներին, որպեսզի ապացուեն, որ կարող են մնալ «Բանանցի» նախագծում: Բայց այժմ մեծ հնարավորությունների որոշումներ ենք կայացնում, որպեսզի ուժեղացնենք կազմը նոր ֆուտբոլիստներով:
Լուսանկարը եւ տեքստ՝ fcbanants.am
Advertisements