Տիտո Ռամալյոյի առաջին ասուլիսը՝ «Բանանցի» գլխավոր մարզչի կարգավիճակում

Տիտո Ռամալյոյի առաջին ասուլիսը՝ «Բանանցի» գլխավոր մարզչի կարգավիճակում
«Բանանցի» նոր գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն որպես «Բանանցի» գլխավոր մարզիչ իր շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց հայկական ակումբում աշխատելու իր մոտիվացիան և պատասխանեց տարաբնույթ հարցերի: 
— Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ակումբի հրավերքի և աշխատանքային հիանալի պայմանների համար: Ինձ հետ միասին ժամանել է մարզիչների խումբ, ովքեր Իսպանիայի ամենահռչակավոր ակումբներում աշխատելու փորձ ունեն՝ «Դեպորտիվոյում», «Վալենսիայում», «Լևանտեում» և այլն: Բոլորս միասին պետք է ձգտենք, որպեսզի «Բանանցում» ֆուտբոլային կյանքն ավելի հարուստ և բովանդակալից դառնա: Պետք է այնպես անել, որ «Բանանցի» ներքին զարգացումն ավելի արդյունավետ դառնա, որպեսզի ակումբը մրցունակ դառնա նաև միջազգային ասպարեզում: Այս ամենին հասնելու համար պետք է փոփոխության ենթարկվի ողջ մարզական կառուցվածքը: Պետք է բարձրացնել նաև ֆուտբոլիստների պատրաստվածության մակարդակը և «Բանանցի» բոլոր աշխատակիցները պետք է համագործակցեն մարզիչների հետ, որպեսզի կարողանանք հասնել մեր առջև դրված նպատակներին:
— Ինչպիսի՞ տպավորություններ եք ստացել Հայաստանի առաջնությունից հանդիպումներին ներկա գտնվելուց հետո:
— Մեկ ամիս առաջ այցելել եմ «Բանանց» և դիտել եմ մի քանի հանդիպում: Այս ընթացքում հետևել եմ նաև «Բանանցի» ելույթներին համացանցի միջոցով: Իմ կարծիքով, հայկական ֆուտբոլում մեծ տեղ է զբաղեցնում ֆիզիկական պայքարը, իսկ Իսպանիայում կարևորությունը տրվում է մտածողությանն ու տակտիկական բաղադրիչներին: Մեր նպատակն է համատեղել հայկական ֆուտբոլի ֆիզիկական բաղադրիչն ու իսպանական ֆուտբոլի կոմբինացիոն բաղադրիչը:
— Արամ Ոսկանյանը մնալու է «Բանանցի» մարզչական շտաբում: Որքա՞ն կարևոր է դա Ձեզ համար:
— Ես շատ շնորհակալ եմ նրան, որ նա պատրաստակամություն հայտնեց մնալ թիմում: Նրա դերը շատ մեծ է լինելու ակումբի աշխատանքում: Մեզ համար շատ կարևոր է հայ մարզիչների հետ համագործակցությունը: Մենք չենք եկել որևէ մեկի տեղը զբաղեցնելու համար: Մենք եկել ենք, որպեսզի ավելացնենք նրան, ինչ արդեն գոյություն ունի:
— Կոնկրետ խնդիրներ դրվա՞ծ են ակումբի առջև առաջիկա մրցաշրջանի համար: 
— «Բանանցի» առջև շատ բարձր և հավակնոտ նպատակներ են դրված: Առաջիկա ժամանակահատվածը կարող է լինել անցողիկ ու դժվար, բայց արդեն վաղվանից մենք պետք է սկսենք աշխատելը: Նպատակ է դրված որքան հնարավոր է բարձրանալ մրցաշարային աղյուսակում և պայքարել եվրագավաթային ուղեգրի համար:
— Առաջին հերթին ինչպիսի՞ աշխատանքներ է պետք կատարել: 
— Այժմ պետք է աշխատենք այն ֆուտբոլիստների հետ, ովքեր կան մեր տրամադրության տակ և պետք է ներառենք մեր իսպանական մեթոդները: Այսինքն պետք է փոխենք «Բանանցի» մթնոլորտը, ինչը շատ հանդարտ գործընթաց է: Բայց աստիճանաբար փոփոխությունները տեսանելի կլինեն պրոֆեսիոնալիզմի աճի առումով: Մենք չենք եկել միայն հաղթանակներ ապահովելու համար: Մենք ցանկանում ենք փոխել այն, ինչպես են տեսնում և ընկալում ֆուտբոլը: Իսպանիյում շատ քիչ ակումբներ ունեն այնպիսի հնարավորություններ, ինչպիսին «Բանանցում» է: «Բանանցը» պետք է հպարտ լինի դրանով և լավագույնս օգտագործի այս բոլոր հնարավորությունները:
— Գիտեմ, որ ներկա եք գտնվել Հայաստանի հավաքականի խաղին: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր տեսածը:
— Տակտիկական առումով շատ թերություններ տեսա: Կար ներուժ և լավ անհատ խոստումնալից խաղացողներ, բայց շատ խնդիրներ կային տակտիկական առումով: Ես տեսա, թե ինչպես էին 11 տարբեր ֆուտբոլիստներ դաշտում մտածում 11 տարբեր կերպ: Իսկ ֆուտբոլը ենթադրում է միասնական մտածելակերպ ողջ թիմի մոտ:
— Առաջին իսպանացի մասնագետն եք, ով աշխատելու է Հայաստանում: Ի՞նչը դրդեց նրան, որ ընդունեցիք այս առաջարկը:
— 20 տարուց ավելի աշխատել եմ Լա Կորունյայի «Դեպորտիվոյում», բայց այս առաջարկը շատ հետաքրքիր էր: Կան հանգիստ աշխատելու բոլոր պայմանները: Առաջին անգամ Հայաստան գալուց հետո դրական տպավորություններ ստացա և Հայաստանից մեկնելուց հետո զգացի, որ ցանկանում եմ վերադառնալ և աշխատել այստեղ: Բացի այդ կարևոր դեր խաղաց Ռոման Ասխաբաձեի իսպաներենի իմացությունը (ժպտում է):
Fcbanants.am
Advertisements