Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի «Փյունիկ» — «Բանանց» (1:2) հանդիպումից հետո մամուլի ասուլիսում իր կարծիքով կիսվեց հյուրերի գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը.

«Շնորհավորում եմ «Փյունիկին» չեմպիոնության համար:

Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին բնավորություն ցույց տալու համար: Ցավոք, չենք կարող 4-րդ հորիզոնականով ավարտել առաջնությունը: Ամեն դեպքում, այսօր թիմը լավ ֆուտբոլ խաղաց: Վերջում էլ գոլային պահեր ունեինք, մասնավորապես Ֆիլիպ Տիմովը կարող էր գոլեր խփել, սակայն մի դեպքում գնդակը դարպասաձողին դիպավ:

Հաճելի է տեսնել, որ թիմը մինչև վերջ պայքարում է»:

 — Ինչպիսի՞ն է իրավիճակը. մրցաշրջանից հետո շարունակելո՞ւ եք աշխատանքը:

— Առայժմ աշխատում եմ: Իմ առջև խնդիր կար դրված. հայտնվել եվրագավաթային գոտում: Իմ պայմանագիրը մայիսի 30-ին ավարտվելու է, և այդժամ կտեսնենք ինչպես կլինի: Չգիտեմ, ղեկավարությունն ինչպես կկամենա, բայց ես աշխատել ցանկանում եմ: Ես միշտ ցանկություն ունեմ: Նախորդ տարի մենք չեմպիոն էինք… այս տարի ամեն ինչ այլ կերպ ստացվեց, սակայն ես միշտ ֆուտբոլով եմ ապրում:

 — Շատ է պատահում, որ թիմը չեմպիոն դառնալուց հետո վատ է հանդես գալիս. ինչո՞վ եք բացատրում դա:

— Մենք նախորդ տարի բավականին ուժեղ թիմ ունեինք: Հովհաննես Համբարձումյանի, Ռումյան Հովսեփյանի, Պետեր Շտեֆանովսկիի հեռանալուց հետո շատ դժվար էր. նրանք լիդերներ էին: Ձմռանը ունեցանք Միգել Պեդրո Լոպեսին, ով կարող էր լիդեր լիներ, սակայն ժամանակ է պետք: Նույն Արամ Շախնազարյանը… առայժմ նրանք չեն կարող լիդեր լինել: Ձմռանը ես առաջընթաց նկատեցի, և բավականին լավ էինք խաղում: Գուցե ամեն ինչ սկսվեց «Սանտա Կոլոմային» պարտվելուց. թիմը, հնարավոր է, կոտրվեց: Ամեն դեպքում, մենք հավաքվեցինք:

 — Դուք ասացիք հեռացել են ֆուտբոլիստներ, սակայն եվրագավաթներում հայտնվելու առաջադրանք է դրվել Ձեր առջև. այստեղ հակասություն չկա՞:

— Ամբողջ հարցն այն է, որ համալրված ֆուտբոլիստններն այնպիսիները չէին, ինչպիսին հեռացածները: Երիտասարդներին ժամանակ է անհրաժեշտ. ցավոք, չհաջողվեց կարճ ընթացքում տեղավորվել:

ProudEagles.com

լուսանկարը եւ տեքստը՝ armsport.am

Advertisements