Միգել Լոպես Պեդրո. «Հաջորդ խաղին պատրաստվելու համար ոգևորությունը կրկնապատկվել է»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Բանանցի» արգենտինացի լեգիոներ Միգել Լոպես Պեդրոն դարձավ 2 գոլի հեղինակ` հաղթանակ պարգևելով «Բանանցին»:

«Բանանցի» պաշտոնական կայքը զրուցել է Միգելի հետ և պարզել այս հաղթանակի կարևորությունը:

— Միգել ինչպիսի՞ տպավորություն ես ստացել խաղից:

— Այսօր մեր թիմն ավելի լավ էր խաղում, ավելի նվիրված: Մենք գիտեինք, որ այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար` մարզիչից, ֆուտբոլիստներից սկսած մինչև բժիշկը: Հաջորդ խաղին պատրաստվելու համար ոգևորությունը կրկնապատկվել է:

— 2 գոլի հեղինակ դարձար, գո՞հ ես:

— Կցանկանայի ավելի շատ գնդակներ խփել, սակայն գոհ եմ նաև այսօրվա արդյունքից: «Ալաշկերտը» հեշտ մրցակից չէր, նրանք ևս ունեին փորձառու խաղացողներ, բայց կարևորն այն է, որ այսօր և իմ, և թիմակիցներիս խաղը ստացվեց:

— Ի՞նչ կասես Հայաստանի գավաթի խաղարկությունում «Բանանցի» հնարավորության մասին:

— Մենք շատ լավ հնարավորություն ունենք եզրափակիչ դուրս գալու, և ինչու ոչ գավաթին տիրելու համար: Նախորդ խաղում 2:1 հաշվով հաղթեցինք «Միկային» և կարելի է ասել, որ ինչ-որ չափով վերահսկում ենք իրավիճակը: Պետք է կրկնակի շատ աշխատել խաղադաշտում, եթե ցանկանում ենք գավաթակիր դառնալ: Ինչու եմ այսպես ասում, քանի որ գիտակցում եմ, որ չեմպիոնական տիտղոսի համար պայքարում մենք այլևս հնարավորություն չունենք:

— Միգել, քեզ դո՞ւր է գալիս Հայաստանը, հարմարվե՞լ ես այստեղի ապրելակերպին:

— Այո հարմարվել եմ, սկզբում փոքր-ինչ դժվար էր, սակայն հիմա արդեն լավ է: Գիտեմ Երևանի փողոցները, չեմ մոլորվում, մի խոսքով լավ է: Ժամանակ առ ժամանակ կինս է գալիս Հայաստան:

— Կցանկանա՞ս հաջորդ տարի ևս խաղալ Հայաստանում:

— Իմ պայմանագիրն ավարտվում է մայիսի 31-ին: Կցանկանայի մնալ, սակայն ինչպես կստացվի չեմ կարող ասել: Գործակալս է այդպիսի հարցերով զբաղվում, ես չեմ խառնվում: Ֆուտբոլն իմ ժամանակի մեծ մասն է խլում:

— Ո՞ր ակումբում ես խաղացել մինչև Հայաստան տեղափոխվելը:

— Հանդես եմ եկել արգենտինական «Տրիստան Սուարես» ակումբում: Արգենտինայում և Հայաստանում ֆուտբոլի մասին պատկերացումները լիովին տարբերվում են…

ProudEagles.com

տեքստ՝ fcbanants.am

լուսանկարը՝  totalfootball.am

Advertisements