Արամ Լոռեցյանի անկյունայինից հարվածը հաղթանակ պարգևեց «Բանանցին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Միկան» հյուրընկալել էր «Բանանցին»:

Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ հյուրերի:

Խաղի հենց մեկնարկից «Բանանցն» իր ձեռքն էր վերցրել առավելությունը և գրեթե մինչև 15-րդ րոպեն մեծ ճնշում գործադրել Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասի ուղղությամբ: Սակայն «Միկայի» ֆուտբոլիստներին հետզհետե հաջողվել է հավասարեցնել խաղը:

Հանդիպման հաշիվը բացել է «Բանանցի» ֆուտբոլիստ Լուբոշ Հանզելը. Միգել Լոպեսի փոխանցումը Գևորգ Կասպարովը հետ է մղել, իսկ վրա հասած Լուբոշ Հանզելը` չի վրիպել:

«Բանանցը» շարունակում էր գրոհել, իսկ «Միկան» ձեռքից բաց չէր թողնում հակագրոհների հնարավորությունը:

34-րդ րոպեին «Միկայի» հակագրոհի ժամանակ Տիգրան Բարսեղյանը «շրջապատվել» է «Բանանցի» ֆուտբոլիստներով, որոնք փորձում էին խլել գնդակը. պայքարի արդյունքում «Միկայի» ֆուտբոլիստը վայր է ընկել, ինչին հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը սկզբում չի արձագանքել, այնուհետև եզրային մրցավարի հուշմամբ ցույց է տվել 11 մետրանոց տուգանային նշանակետը: Ալեքս Էնրիկե դա Սիլվան չի վրիպել` հավասարեցնելով հաշիվը:

Երկրորդ խաղակեսում խաղադաշտի վատ որակից ընկավ նաև խաղի որակը. ֆուտբոլիստները փորձում էին անել հնարավորը, սակայն երկու թիմերի մոտ էլ գործակցությունն այնքան էլ լավ չէր ստացվում:

Հանդիպման 71-րդ րոպեին Ժոլտ Հորնյակը ընդմիջման ժամանակ փոխարինման մտած Սարգիս Բալոյանին փոխարինել է Արամ Լոռեցյանով, որն էլ հանդիպման ավելացված ժամանակում դարձել է գոլի հեղինակ` հաղթանակ պարգևելով «Բանանցին»: Արամ Լոռեցյանի անկյունայինից կատարած հարվածը հայտնվել է դարպասի գծի մատույցներից ներս:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բանանց»-«Միկա» պատասխան հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին:

ProudEagles.com

տեքստ՝ fcbanants.am

լուսանկարը՝ armsport.am

Advertisements