Մենք չեմպիոն ենք

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտին դեռևս մեկ տուր կա: Բայց մենք արդենք կարող ենք լիարժեք ուրախանալ ու տոնել մեր թիմի հաջողությունը: 1992 թվականի սկսած «Բանանցը» Հայաստանի առաջատար թիմերի շարքում է եղել, սակայն այդպես էլ մեր թիմին չէր հաջողվում նվաճել չեմպիոնական տիտղոսը: 2010 թվականին «Բանանցը» շատ մոտ էր առաջին տեղը գրավելուն, սակայն սկզբունքային խաղում պարտվեց «Փյունիկին»: Հենց Հայաստանի բազմակի չեմպիոնի հետ խաղում էլ մերոնք հասնելով հաղթանակի պատմական արդյունք ապահովեցին մեր ակումբի համար: Այսօր «Բանանցը» հաղթելով նույն «Փյունիկին» անհասանելի դարձավ մրցակիցների համար ու առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց ՀՀ չեմպիոնի կոչումը:

Առաջնության 25-րդ տուրի հանդիպմանը, խաղադաշտ դուրս գալիս մեր մարզիչներն ու ֆուտբոլիստները արդեն գիտեն մյուս հանդիպումների արդյունքներն ու պարզ էր, որ նույնիսկ ոչ-ոքի արդյունքը մեր թիմին հնարավորություն է տալիս ամրապնդվել առաջին հորիզոնականում: Այս գործոնը ինչ-որ տեղ ավելորդ լարում էր հաղորդել «Բանանցի» ֆուտբոլիստներին: Համենայնդեպս խաղի ընթացքում մերոնք «Փյունիկի» դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ունեցան, սակայն հասան իրենց նպատակին միայն մեկ անգամ: Ռումյան Հովսեփյանի փոխանցումից հետո Գևորգ Կարապետյանը խաղի յոթերորդ րոպեին դարձավ միակ, հաղթական ու չեմպիոնական գոլի հեղինակը:

Հիմա արդեն իմաստ չունի խոսել չիրացված պահերի մասին: Ինչպես ասում են՝ հաղթողներին չեն դատում, սակայն այս գործոնի վրա իհարկե աշխատել է հարկավոր, քանի որ «Բանանցը» արդեն հանդես է գալու չեմպիոնների լիգայում: Սա մոտ ապագան է, իսկ մայիսի 18-ին մեր թիմը սեփական հարկի տակ անցկացնելու է վերջին հանդիպումը՝ հյուրընկալելով «Միկային» ու ինչպես նշեց մեր թիմի գլխավոր մարզիչ ժոլտ Հոռնյակը.«Ձգտելու ենք սեփական հարկի տակ հաղթանակով ավարտել մրցաշրջանը»:

Շնորհավորում ենք «Բանանցի» մարզչական անձնակազմին ու ֆուտբոլիստներին, ակումբի բոլոր աշխատակիցներին, «Բանանցի» երկրպագուներին չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Նոր հաղթանակներ մեր ակումբի դրոշի ներքո հանդես եկող թիմերին և ֆուտբոլիստներին:

Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր

«Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

լուսանկար՝ emedia.am

Advertisements