«Բանանց» 2-0 «Ալաշկերտ»

Banants-Alashkert

Բարձրագույն խմբի առաջնության ավարտին մնում է երեք տուր: Մեր թիմը մրցաշրջանի այս հատվածում  ունի արդեն գլխավոր նպատակ՝ պահպանել առաջատարի դիրքը, որին «Բանանցը» հասավ այսօր «Ալաշկերտի» հետ խաղում տոնած հաղթանակից հետո: Իհարկե, առայժմ մենք հավասար միավորներ ունենք «Արարատի» հետ, բայց երկու թիմերի միջև կայացած հանդիպումների արդյունքով մերոնք ավելի բարձր դիրք են զբաղեցնում:

Ապրիլ ամիսը շատ ծանրաբեռնված էր բոլոր թիմերի համար: Բայց «Բանանցը» բացի առաջնության յոթ խաղերից մեկ անգամ էլ խաղադաշտ դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչում: Այսինքն մեր ֆուտբոլիստների ուսերին բացի պատասխանատավության ծանրությունից ընկել էր նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: «Ալաշկերտի» հետ խաղում հենց ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով «Բանանցի» մարզիչները թիմի մեկնարկային կազմում որոշակի փոփոխություններ էին մտցրե՝լ հանգստանալու հնարավորություն տալով հիմնական կազմի որոշ խաղացողների:

Խաղի ընթացքում «Բանանցը» գոլային բազմաթիվ պահեր ունեցավ: Բայց արդյունքի հասնել հաջողվեց միայն ընդմիջումից հետո: Վալտեր Պողոսյանի հիանալի անցումից ու հետևող փոխանցումից հետո Գևորգ Կարապետյանը մոտ տարածությունից բացեց հաշիվը: Հետագայում հյուերը տիրեցին տարածքային առավելությանը, բայց մերոնք շատ գրագետ պաշտպանվում էին, ու այդպես էլ «Ալաշկերտը» գոլային պահ չունեցավ: Իսկ ահա խաղի վերջին վայրկյաններին «Բանանցը» որսաց մրցակցին հակագրոհի վրա, ու Վահագն Այվազյանը վերջակետ դրեց խաղին. 2:0: Այս հաղթանակը յուրահատուկ նվեր էր թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակին: Վաղը «Բանանցի» գլխավոր մարզիչը տոնում է իր ծննդյան 41-րդ տարեդարձը:

«Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

Լուսանկարը՝ haysoccer.com

ProudEagles.com

Advertisements