Երկու խաղ, մեկ միավոր

537105_421396521337476_599319637_nԱռաջին խմբի մրցաշարում այսօր կայացել են 24-րդ տուրի հանդիպումները: Ցավոք այս տուրում մեր ակումբի երկու թիմերից ոչ մեկին էլ չհաջողվեց հաղթանակ տոնել: Առաջնության առաջատար «Բանանց»-2-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Միկա»-2-ի հետ, իսկ «Բանանց»-3-ը արտագնա խաղում 1:3 հաշվով պարտություն կրեց «Արարարտ»-2-ից:«Բանանց»-2-ը ընթացիկ առաջնությունում մեզ հիմնականում ուրախացրել է իր հաղթանակներով: Բայց արդեն երկու խաղ է, ինչ մեր թիմը չի հաղթում: Բնականաբար առաջատարի սայթաքումներից օգտվում են մրցակիցները, և հիմա աղյուսակում «Բանանց»-2-ի առավելությունը նվազեց հետապնդողների նկատմամբ` հասնելով ինը միավորի: «Միկա»-2-ի հետ խաղում մեր թիմը որոշակի առավելություն ուներ առաջին կեսում: Բայց ընդմիջումից հետո մրցակիցը հավասարեցրեց խաղն ու ընթացավ երկկողմանի սուր հարձակողական ֆուտբոլ: Երկու կողմերն էլ դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ունեցան: Բայց խաղի հաշիվը բացվեց միայն երկրորդ կեսի վերջնամասում:Էդուարդ Ավագյանի անցումը հյուրերը կանգնեցրին կանոնների խախտումով, և նշանակված 11 մետրանոց հարվածը վստահ ու սառնասրտորեն իրացրեց Պետրոս Ավետիսյանը: Բայց մերոնց ուրախությունը երկար չտևեց: «Միկա»-2-ը ստացավ տուգանային հարվածի իրավունք, ու հաշիվը հավասարվեց: Խաղի վերջնամասում «Բանանց»-2-ը կարող էր կորզել հաղթանակը, բայց մեր ֆուտբոլիստները չկարողցան իրացնել ռեալ գոլային պահերն ու մեկ միավոր վաստակելով` թողեցին խաղադաշտը: Մեր ակումբի մյուս թիմը՝ «Բանանց»-3-ը չնայած նրան, որ պայքարեց ամբողջ խաղի ընթացքում, պարտություն կրեց:

Advertisements