«Բանանցը» շարունակում է հաղթարշավը

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խաղում «Բանանցին» լուրջ քննություն էր սպասվում: Գյումրիում «Շիրակի» դեմ բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղալ: Սեփական հարկի տակ, սեփական երկրպագուների աջակցության պայմաններում «Շիրակը» խաղում է կրկնապատկված եռանդով: Բացի այդ էլ երկու թիմերն էլ շատ լավ հասկանում էին, որ այս խաղում երեք միավորները անչափ կարևոր են: «Շիրակի» հաղթանակի դեպքում, չեմպիոնը արդեն չորս միավորի առավելություն էր ստանում «Բանանցի» նկատմամբ: Մերոնց հաղթանակը հնարավորություն էր տալիս շրջանցել չեմպիոնին ու մոտենալ առաջատարին: Անկասկած ամենավատ արդյունքը թիմերի համար ոչոքին կլիներ: Նման արդյունքի դեպքում «Արարատը» նորից հնարավորություն էր ստանում ավելացնել իր առավելությունը միավորների տեսքով:

banants17

Ինչպես և սպասվում էր, խաղը անցավ անչափ լարված պայքարում: Խաղի սկզբում «Շիրակն» ավելի վստահ ու ագրեսիվ էր գործում, իսկ «Բանանցի»  ֆուտբոլիստների մոտ ավելորդ լարվածություն էր նկատվում: Արդեն վեցերորդ րոպեին Սերժ  Դեբլեյի  հարվածից հետո գնդակը դիպավ մեր թիմի դարպասի հորիզոնական ձողին: Բայց «Բանանցը» աստիճանաբար ուշքի եկավ, ու մեր ֆուտբոլիստները նույնպես սկսեց սպառնալ մրցակցի դարպասին: Այս խաղում գովասանքի են արժանի առաջին հերթին երկու թիմերի դարպասապահները. Արթուր Հարությունյանն ու Արթուր Թորոյանը մեկ անգամ չէ, որ փրկեցին իրենց թիմերին վերահաս գոլերից:

Հենց դարպասապահների վստահ խաղի շնորհիվ էլ մինչև ընդմիջում դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ խաղակեսում «Բանանցի» խաղը կտրուկ փոխվեց: Հերթական անգամ մեր թիմը ապացուցեց, որ  ֆիզիկապես շատ լավ է պատրաստ, բացի այդ էլ արդեն մերոնց գործողություններում կար համարձակություն ու վստահություն:  Երկրորդ կեսի ընթացքում «Բանանցի» գոծողություններն ավելի արագ էին ու ավելի մտածված: Վտանգավոր պահերն էլ «Շիրակի» դարպասի մոտ անհամեմատ ավելի շատ էին քան մինչև ընդմիջում:

Հանդիպման ելքը վճռվեց խաղի 81-րդ րոպեին: Փոխարինման դուրս եկած Վահագն Այվազյանը հարձակման եզրում շրջնացելով «Շիրակի» պաշտպանին, գնդկաը փոխանցեց դեպի Գևորգ Կարապետյանը: Վերջինս էլ տուգանային հրապարակում կասեցնելով գնդակը՝ հարվածեց դեպի դարպասը: Դարպասապահ Արթուր Հարությունյանի ցատկը այս անգամ «Շիրակին» օգուտ չտվեց: Նվազագույն առավելությունը մեր ֆուտբոլիստները պահպանեցին մինչև խաղի ավարտ ու շրջանցելով «Շիրակին», մրցաշարային աղյուսակում արդեն զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը:

Ձմեռային ընդմիջումից հետո, առաջնությունում «Բանանցը» տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը: Առաջնության հաջորդ տուրում մեր թիմն արդեն մրցելու է «Փյունիկի» հետ: Այդ հանդիպումը կայանալու է մարտի 23-ին: Բայց մինչ այդ խաղը, մարտի 18-ին «Բանանցը» գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն է անցկացնելու Կապանում, տեղի «Գանձասարի» դեմ:

«Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

ProudEagles.com

լուսանկարը՝ http://www.totalfootball.am

Advertisements