«Բանանցի» երկրորդ անընդմեջ հաղթանակը

Բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից հետո «Բանանցը» շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին: Անցկացնելով երկրորդ հանդիպումը ձմեռային դադարից հետո, մեր թիմը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը: Մրցաշարի 16-րդ տուրում մեր թիմը սեփական հարկի տակ ընդունել էր «Ուլիսին»: Վստահ անցկացնելով ամբողջ հանդիպումը, «Բանանցը» առավելության հասավ 2:0 հաշվով՝ յուրաքանչյուր խաղակեսում մեկական անգամ գրավելով մրցակցի դարպասը:

walter.pogosyan

Հանդիպման մեկնարկում Վալտեր Պողոսյանը, ճեղքելով «ՈՒլիսի» պաշտպանությունը հարձակման աջ եզրում, ժամանակին հետ փոխանցում կատարեց ու վրա հասած Ուչա Գոգոլաձեն գնդակն ուղղեց մրցակցի դարպասից ներս: Խփած գնդակից հետո, մինչև ընդմիջում մերոնք կարող էին զարգացնել ձեռք բերած հաջողությունը: Երկու անգամ հաջողությանը մոտ էր Վալտեր Պողոսյանը, մեկ դեպքում էլ գոլի հեղինակ կարող էր դառնալ Գևորգ Կարապետյանը: Բայց հաշվի մեջ փոփոխություն տեղի ունեցավ միայն ընդմիջումից հետո:

Մեր թիմի կազմում հերթական անգամ իր խաղով աչքի ընկավ Արամ Լոռեցյանը, ում փոխանցումներից հետո մեր թիմի անմիջապես սպառնում է մրցակցի դարպասին: Հենց Լոռեցյանի հաշվենկատ փոխանցումից հետո էլ Պետեր Շտեպանովսկին ներխուժեց «ՈՒլիսի» տուգանային հրապարակ ու վարպետորեն կրկնապատկեց «Բանանցի» առավելությունը: Այս ամենից հետո էլ մերոնք ավելի վտանգավոր էին գործում: Իսկ երբ մրցավարը խաղադաշտից հեռացրեց «ՈՒլիսի» խաղացողին, խաղն արդեն ավելի հանգիստ տեմպով ընթացավ ու մեր թիմը հանդիպումը հասցրեց հաղթական ավարտին:

Տոնելով երկրորդ անընդմեջ հաղթնակը՝ «Բանանցը» զգալի առաջընթաց ապահովեց մրցաշարային աղյուսակում: Սակայն ձեռք բերածով մեր թիմը չպետք է բավարարվի ու նույն ոճով էլ շարունակի իր ելույթները: Հաջորդ տուրում «Բանանցն» արդեն մրցելու է մրցակցի հարկի տակ: Մարտի 15-ին մենք Գյումրիում հանդիպելու ենք գործող չեմպիոն «Շիրակին»:

 

«Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

ProudEagles.com

լուսանակրը՝ http://www.armsport.am
Advertisements