«Բանանցը» հաղթում է առաջատարին

Ձմեռային դադարը հայկական ֆուտբոլում ավարտվեց: Մարտի 1-ին վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 15-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության առաջատար «Արարատի» հետ: Ինչպես և սպասվում էր, խաղն անցավ լարված ու համառ պայքարում: Հանդիպումը հարուստ էր գոլային պահերով, գնդակի գեղեցիկ խաղարկումներով և նաև գոլերով:

12860051183_40a777cc8c_b

Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին «Արարատի» ֆուտբոլիստները: Անդրեյ Պերեպլյոտկինի հարվածից հետո մեր դարպասապահ Արթուր Թորոյանը գեղեցիկ ցատկով կարողացավ դուրս հանել գնդակը դաշտի սահմաններից՝ փրկելվ մեր թիմին: Իսկ մի քանի րոպե անց արդեն մերոնք կարող էին բացել հաշիվը: Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո ՈՒչա Գոգոլաձեն չկարողացավ գնդակն ուղղել դեպի «Արարատի» դարպասը: Վրացի ֆուտբոլիստը պարտավոր էր գրավել հյուրերի դարպասը հաջորդ դրվագում, երբ մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Ստեփան Ղազարյանի դիմաց: Բայց հարվածեց ուղիղ դարպասապահի վրա: Հանդիպման հաշիվը բացվեց 43-րդ րոպեին: Գևորգ Նռանյանը աջ եզրից ճիշտ փոխանցումով հարվածի դուրս բերեց իր խաղընկերոջը, և Անդրեյ Պերեպլյոտկինը մոտ տարածությունից գնդակն ուղարկեց «Բանանցի» դարպասը:

Երկրորդ կեսում «Բանանցը» շարունակեց ակտիվացնել խաղն, ու մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին բնավորություն՝ չընկճվելով նաև նրանից, որ պարտվում էին մրցակցին: Խաղի 51-րդ րոպեին Արամ Լոռեցյանը հիանալի փոխանցումով վերջնական հարվածի դուրս բերեց Վալտեր Պողոսյանին, և մեր կիսապաշտպանը սառնասրտորեն գնդակը դարպասապահի գլխավերևով կախեց «Արարատի» դարպասը: Խփած գոլից հետո «Բանանցի» խաղային առավելությունը նկատելի էր, ու ի վերջո մերոնք հասան իրենց նպատակին: Հանդիպման ավարտից ինը րոպե առաջ «Բանանցին» հաղթանակ ապահովեց ՈՒչա Գոգոլաձեն: Մոտենալով մրցակցի տուգանային հրապարակին՝ Գոգոլաձեն մոտ 22 մետրից հուժկու հարվածով ստիպեց «Արարատին» երկրորդ անգամ այս խաղում հանդիպումը վերսկսել կենտրոնից:

Բնականաբար այս հաղթանակը մեծ ոգևորություն էր հաղորդել մեր ֆուտբոլիստներին խաղի ավարտից հետո, և հանդերձարանում թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը, շնորհակալություն հայտնելով նման խաղ ցուցադրելու համար, նշեց. «Մեր թիմն այսօր ցույց տվեց բնավորություն: Մենք գիտեինք, որ դժվար խաղ է սպասվում, բայց պատրաստ էինք մրցակցությանը: Շատ կարևոր էր, որ հաղթեցինք ու նման մեկնարկը, հուսով եմ, նոր վստահություն կհաղորդի մեր թիմի ֆուտբոլիստներին»:

«Բանանցը» հանդես եկավ հետևյալ կազմով: Արթուր Թորոյան, Հովհաննես Համբարձումյան, Ֆոֆանա Սեկու, Արամ Շախնազարյան, Գագիկ Դաղբաշյան(Պետեր Շտեպանովսկի 61), Արտաշես Առաքելյան, Ռումյան Հովսեփյան(Հակոբ Հակոբյան 90+1), Արամ Լոռեցյան, Վալտեր Պողոսյան (Կարեն Հարությունյան 87), Ուչա Գոգոլաձե, Կիռան Նվաբուեզե(Գևորգ Կարապետյան 46)

ProudEagles.com

լուսանկարը՝ armport.am   | «Բանանց» ՖԱ  | Մամլո քարտուղարություն
Advertisements