«Ալաշկերտ» 2-2 «Բանանց»

10000441886_3a37d26e09_zԲարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանի վերջին խաղում «Բանանցը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Ալաշկերտի» հետ: Մենք իրավունք ունեինք այս խաղում հաղթանակ ակնկալել մեր թիմից: Բոլոր գործոնները խոսում էին «Բանանցի» առավելության մասին ու խաղի սկիզբը մեզ համար հուսադրող էր: Հանդիպման վեցերորդ րոպեին Էդգար Մալաքյանը գնդակի խաղարկումից հետո ներխուժեց տուգանային հրապարակ ու դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Նման սկիզբը պետք է ոգևորեր ու վստահություւն հաղորդեր մեր ֆուտբոլիստներին: Բայց անհասկանալի պատճառներով տեղի ունեցավ հակառակը:

 

Մինչև ընդմիջում ավելի վտանգավոր էին «Ալաշկերտի» գործողությունները: Խաղը լրիվ հավասարվեց, ու մերոնք սկսեցին բազմաթիվ սխալներ թույլ տալ: Այս ամենի արդյունքն եղավ այն, որ «Ալաշկերտը» խփեց պատասխան գնդակը: Հարձակման աջ եզրից հետևեց Սարգիս Նասիբյանի փոխանցումը, և մեր պաշտպանների թողտվության պայմաններում Վիկտոր Շիշկովը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Նույնիսկ այսպիսի պայմաններում «Բանանցի» հաղթանակը սպասելի էր, քանի որ թիմերը դեռ մեկ խաղակես ունեին անցկացնելու:

10003510364_e37391ff21_zԵրկրորդ խաղակեսում մերոնք  տիրեցին նախաձեռնությանը, և Կառլո Ստեֆանոն  գլխի հարվածով երկրորդ անգամ ստիպեց մրցակցին խաղը վերսկսել կենտրոնից: Մեր թիմը կարող էր և զարգացնել հաջողությունը: Վտանգավոր պահերը «Ալաշկերտի» դարպասի մոտ հաջորդում էին մեկը մյուսին: Ու նույն Կառլո Ստեֆանոն պարզապես պարտավոր էր խփել երրորդ գնդակը: Շրջանցելով նույնիսկ դարպասապահին՝ մեքսիկացի հարձակվողն անհասկանալի պայմաններում չկարողացավ գնդակն ուղղել դարպասից ներս: Համոզված ենք, որ գոլի դեպքում խաղի ելքը վճռված կլիներ: Իսկ ֆուտբոլում չգրված օրենքը աշխատեց մեր դեմ: Հերթական սխալից հետո, խաղի ավարտից ինը րոպե առաջ Միհրան Մանասյանը նորից վերականգնեց հաշվի հավասարությունը:

 

Այսպիսով՝ մեր թիմը երրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց՝ նորից կորցնելով թանկարժեք միավորներ: Հարկե է նշել, որ մեր թիմի շատ խաղացողներ այս մրցավեճում հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր: Բայց սա արդեն մարզիչների գործն է: Հուսանք, որ մյուս խաղերում մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ խաղին անմնացորդ կնվիրվեն: Հաղթանակները երբեք հեշտությամբ ձեռք չեն բերվում:

«Բանանց» ՖԱ  | Մամլո քարտուղարություն | Լուսանկարները՝ http://www.totalfootball.am

ProudEagles.com

Advertisements