«Բանանց» 2-2 «Փյունիկ»

9637886634_6674399454_z

«Բանանց» — «Փյունիկ» խաղը չորրորդ տուրի ուշադրության կենտրոնում էր: Ամեն դեպքում հերթական խաղն էր անցկացնում առաջատարը՝ «Փյունիկը», իսկ մեր թիմը իր անցկացրած հանդիպումերում արդեն իսկ ցույց էր տվել, որ պայքարելու է յուրաքանչյուր խաղում: Թիմերը արդարացրին սպասելիքները: Շատ հետաքրքիր ու դիտարժան խաղ էր: Խաղ, որը լարվածության մեջ պահեց ֆուտբոլասերներին մինչև հանդիպման ավարտը: Խաղի առաջին 15 րոպեների ընթացքում աավելի ակտիվ էին «Բանանցի» ֆուտբոլիստները, ու 11-րդ րոպեին Էդգար Մալաքյանը, հստակ իրացնելով 11 մետրանոց տուգանայինը, առաջ մղեց մեր թիմին: Իսկ նման հնարավորություն մերոնք ստացան Կառլո Ստեֆանոյի նկատմամբ մրցակցի կողմից կանոնների խախտման պատճառով: Սակայն «Բանանցի» ուրախությունը երկար չտևեց: Խփած գոլից երեք րոպե անց «Փյունիկը» խփեց պատասխան գնդակը: Պաշտպանությունում մեր խաղացողի թույլ տված սխալից օգտվեց Գագիկ Պողոսյանը:

 

Առաջին կեսի մնացած կես ժամվա ընթացքում արդեն ավելի լավ տեսք ուներ «Փյունիկի» խաղը: Երիտասարդ ֆուտբոլիստները ակտիվացան ու մրցակիցը կարող էր և առաջ անցնել հաշվի մեջ, բայց իր բարձրության վրա էր Արթուր Թորոյանը: «Բանանցը» նույնպես կարող էր նոր փոփոխություն մտցնել հաշվի մեջ, սակայն Կառլո Ստեֆանոյի մոտ տարածությունից կատարված հարվածն էլ հետ մղեց «Փյունիկի» դարպասապահը: Մեծ էներգիա կորցնելով մինչև ընդմիջում՝ թիմերը հաջողության հասնել այլևս չկարողացան:

 

hornyak

Ընդմիջումից հետո խաղն ընթացավ փոփոխական հաջողություններով: Ինչպես և առաջին կեսում, սկզբից ավելի լավ էին գործում մեր ֆուտբոլիստները, սակայն գրոհի եզրափակիչ հարվածը չէր ստացվում: Մեր թիմին նման պայմաններում օգնության եկավ ստանդարտ հարվածը: Լյուբոշ Հանցելը շատ գեղեցիկ հարվածով գնդակն անցկացրեց «Փյունիկի» խաղացողների վրայով ու առաջ մղեց «Բանանցին»: Խաղի հիմանական ժամանակի ավարտին դեռևս 30 րոպե կար, և շատ կարևոր էր շարունակել հարձակողական ֆուտբոլը: «Բանանցի» խաղացողները չհանգստացան ձեռք բերածով, ու խաղի 71-րդ րոպեին մերոնք կարող էին ապահովել հաղթանակը: Կառլո Ստեֆանոն շրջանցեց «Փյունիկի» մի քանի ֆուտբոլիստների, ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն վերջին հարվածը չստացվեց մեքսիկացի հարձակվողի մոտ, ու «Փյունիկի» դարպասապահը ոտքերով հետ մղեց գնդակը: Այս պահը ինչ-որ տեղ ազդեց «Բանանցի» ֆուտբոլիստների խաղի վրա:

 

Հանդիպման վերջին 15 րոպեների ընթացքում առավելություն ուներ արդեն  «Փյունիկը»: Խաղը ամեն գնով փրկելու համար առաջատարը ուժ ու եռանդ չէր խնայում: Եվ հաջողությունն ուղեկցեց փյունիկցիներին, չնայած այդ գործում իրենց դերակատարումն ունեցան նաև մեր պատշպանները: Հերթական սխալը հանգեցրեց նրան, որ Դավիթ Զաքարյանը երկրորդ անգամ վերականգնեց հաշվի հավասարությունը: Մինչև խաղի ավարտ «Փյունիկը» կարող էր և կորզել հաղթանակը, բայց մերոնք կարողացան այլևս անառիկ պահել սեփական դարպասը: Արժանի մրցակցություն, որի արդյունքում կողմերը վաստակեցին մեկական միավոր:

ProudEagles.com

տեքստ՝ «Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն
Լուսանկարը՝ totalfootball.am
Advertisements